Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Հայաստանը մեր մեջ է»

«Հայաստանը մեր մեջ է»
16.06.2015 | 12:24

2015 թ. հունիսի 12-ին, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ «Արա Բերքյան» գրքի շնորհանդես և հանդիպում Բեռլինի հայկական երեք համայնքների շաբաթ և կիրակնօրյա դպրոցների սաների, ուսուցիչների, ծնողների հետ:
Այս կարգի միջոցառում առաջին անգամ էր կազմակերպվում հայկական դեսպանատանը:
Միջոցառումը բացեց և ելույթ ունեցավ Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ԱՇՈՏ ՍՄԲԱՏՅԱՆԸ: Նա իր ելույթում դրվատանքի ջերմ խոսքեր ասաց գերմանահայ ազգային գործիչ, ճարտարապետության և ինժեներության դոկտոր, գրող Արա Բերքյանի հասցեին և «Արա Բերքյան» ժողովածուի մասին:
-Նրա կյանքը նվիրում էր հայությանը, հայրենիքին: Ներկա ժողովածուն կօգնի շատերին ծանոթանալու մեծանուն գործչի կյանքին և օրինակ վերցնելու:

Իր խոսքի վերջում դեսպանը պատասխանեց ներկաների հարցերին, առաջարկություններ արեց հայկական դպրոցները դասագրքերով համալրելու, դասերը արդյունավետ անցկացնելու, դպրոցների սաների առօրյան բովանդակալից կազմակերպելու ուղղությամբ, աջակցելու դպրոցներին հուզող խնդիրների լուծմանը:
Այնուհետև ԼԻԶԱ ԲԵՐՔՅԱՆ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ջերմ ու սրտառուչ խոսք ասաց հայության, օտար ափերում հայ մնալու, մայրենի լեզվի, հայ գրի ու դպրության մասին և ներկայացրեց «Արա Բերքյան» գիրքը:
Բանախոսը սկզբում ջերմ շնորհակալություն հայտնեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Սմբատյանին՝ այս գեղեցիկ հնարավորությունը ընձեռելու, դեսպանատան դռները հայության առջև լայնորեն բացելու համար:
Նա նշեց նաև, որ «տխուր ու ցավալի է, որ այսօր էլ հայը հայրենիքից դուրս է որոնում իր ապագան: Եթե այս ու այն պատճառները հարկադրում են հեռանալ հայրենիքից, ապա պետք է ջանքեր թափել արժանապատիվ ապրելու օտարության մեջ»:

Բանախոսը մեջ բերեց ամերիկահայ նշանավոր գրող Վիլյամ Սարոյանի խոսքը. «...Հոգ չէ, թե մենք հայ հողից հեռու էինք ապրում, սակայն Հայաստանը մեր մեջ էր, Բիթլիսը մեր մեջ էր: Մենք Բիթլիսի մեջ էինք մեր խոհերով, նիստուկացով, հիշատակներով...»:
Թեև Արա Բերքյանը Վ. Սարոյանի նման Հայաստանից հեռու էր ծնվել, բայց Հայաստանի սերը բուռն էր արմատավորված նրա մեջ, նա էլ էր Հայաստանը կրում իր մեջ: Նա ամեն ջանք թափեց օտար ափերում, որպեսզի հայկական մշակութային էությունը ճանաչելի դարձնի աշխարհում, հայրենակիցներին մերձեցնի հայ ակունքներին, նրանց հաղորդակից դարձնի մայրենի լեզվին, լսելի դարձնի Հայ դատի ձայնը: Ահա այսպես պետք է ապրել ու սիրել հարազատ ժողովրդին ու հայրենիքը:
-Գիտեմ,- նշեց բանախոսը,- որ հեշտ չեն տարագիրների հոգսերն ու կարիքները, կյանքի պայքարը շարունակվում է նաև օտար ափերում, բայց այդ խնդիրների հետ էլ պահենք մեր ինքնությունը, մեր հայությունը, մեր ոսկեղենիկ մայրենիի համուհոտը մոտեցնենք մեր զավակների քիմքին:
Բանախոսը խոսքը համեմեց հայ գրականության գոհարներով, որով կամեցավ կայծ նետել հայ պատանիների և աղջիկների հոգիներից ներս՝ բորբոքելու հայ գրականության հանդեպ հետաքրքրությունը:
Այնուհետև Լիզա Բերքյան-Աբրահամյանը պատմեց, թե ինչպես ծնվեց իր մեջ այս գիրքը ստեղծելու գաղափարը, որը ոչ միայն պատմում է, թե որքան հարատև ու անխոնջ աշխատանք է կատարել Արա Բերքյանը ի սեր հայության, այլև ընթերցողը, ուսումնասիրողը կարող են պատկերացում կազմել թե՛ Բերքյան մարդու, քաղաքացու, գիտնականի, թե՛ նրա միջավայրի, հայ մշակույթի և հասարակական կյանքի շատ նշանավոր դեմքերի մասին:
Վերջում ամփոփիչ խոսքով հանդես եկավ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Նա շնորհակալություն հայտնեց Լիզա Բերքյան-Աբրահամյանին հուզիչ և հետաքրքիր բանախոսության համար, շեշտելով, որ Արա Բերքյանի ապրած կյանքը լավ օրինակ է օտարության մեջ ապրող յուրաքանչյուր հայի համար:
Հայկական դպրոցների տնօրենները Լիզա Բերքյան-Աբրահամյանին հրավիրեցին իրենց համայնքներում ներկայացնելու գիրքը: Վերջինս «Արա Բերքյան» գրքի օրինակներ նվիրեց հայկական դպրոցներին:

Լյուբա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1185

Մեկնաբանություններ